Մեծ Բրիտանիայի դեսպանները հավատարմագրերի պատճենները հանձնեցին արտգործնախարարին

10 հունվարի, 2012

Հունվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվզին (Jonathan James Aves) եւ Քեթրին Ջեյն Լիչին (Catherine Jane Leach)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպաններին իրենց առաքելության մեջ՝ նշելով, որ դեսպաններն իրենց կարեւոր ներդրումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման գործում:

Դեսպաններ Էյվզը եւ Լիչը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշեցին, որ պաշտոնավարման ընթացքում կանեն առավելագույնը հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդումը եւ խորացումը խթանելու համար:

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության հարաբերությունները շարունակական զարգացում կապրեն, ինչը կարտացոլվի երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի, առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի ընդլայնմամբ:

Հայաստանի արտգործնախարարն ու Մեծ Բրիտանիայի դեսպաններն անդրադարձան նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանն եւ Ջոնաթան Ջեյմս Էյվզը ու Քեթրին Ջեյն Լիչը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:
 

Տպել էջը