Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Եգիպտոսի եւ Սերբիայի արտգործնախարարներին

04 փետրվարի, 2012

Փետրվարի 4-ին Մյունխենում Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Եգիպտոսի արտգործնախարար Մոհամեդ Քամլ Ամրի հետ էր:

Նախարար Նալբանդյանը ցավակցություններ հայտնեց օրերս Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում ֆուտբոլային երկրպագուների ընդհարման արդյունքում զոհերի կապակցությամբ:

Նախարարները երկուստեք նշեցին հայ-եգիպտական դարավոր հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթը եւ անդրադարձան դրանց զարգացման, տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային փոխանակումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության հարցերին:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես լավ եւ ամուր հարաբերություններ է ունեցել Եգիպտոսի եւ արաբական աշխարհի հետ եւ շարունակելու է դրանց առավել ամրապնդման ուղղությամբ քայլերը:

Տնտեսական համագործակցության ընդլայնման շուրջ քննարկումների ժամանակ նախարարները նշեցին, որ երկրների միջեւ ուղիղ չվերթները կնպաստեն թե տնտեսական կապերի, թե զբոսաշրջության խթանմանը եւ պայմանավորվեցին ուսումնասիրել ուղիղ ավիակապ հաստատելու հնարավորությունը:

Նախարար Ամրը ներկայացրեց Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, անցումային կառավարության կողմից երկրում անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այս առումով նախարար Նալբանդյանն ասաց. «Եգիպտոսի հազարամյա պատմության մեջ, ներկայիս անցումային փուլը ընդհամենը մի դրվագ է եւ, վստահաբար, Եգիպտոսի ժողովուրդը կհաղթահարի բոլոր դժվարությունները, ինչպես դա բազմիցս արել է իր պատմության ընթացքում»:

Նախարար Նալբանդյանի մյունխենյան օրակարգը ներառում էր հանդիպում նաեւ Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչի հետ:

Հայաստանի եւ Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հարցերին:

Տպել էջը