Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիեննայում կայացած Փարիզյան պակտի նախարարական համաժողովին
16 փետրվարի, 2012Փետրվարի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան Վիեննայում մասնակցեց Աֆղանստանից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված Փարիզյան պակտի նախարարական երրորդ համաժողովին, որին ներկա էին եւ ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, շուրջ հինգ տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:
Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ալեն Ժյուպեի եւ Միխայել Շպինդելեգերի նախագահությամբ տեղի ունեցած նիստին ելույթ ունեցավ նաեւ Էդվարդ Նալբանդյանը:
Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ միջազգային հանրության պայքարում Հայաստանի ներդրումը եւ վերահաստատեց ՀՀ վճռականությունը շարունակելու ակտիվորեն աջակցել միջազգային ջանքերին, ներառյալ Փարիզի պակտին և այլ միջազգային նախաձեռնություններին, որոնց նպատակն է նվազեցնել և արմատախիլ անել թմրամիջոցների ապօրինի արտադրությունը, առևտուրն ու թրաֆիքինգը:
Վիեննայում Էդվարդ Նալբանդյանի օրակարգը հագեցած էր նաեւ երկկողմ հանդիպումներով:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց շփման գծում լարվածության պահպանման կապակցությամբ եւ կարեւորեց միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձան նաեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:
Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ իր ռուսաստանցի գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:
Նախարարների հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերին, միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանն առնչվող հարցեր: Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց Ռուսաստանի իր գործընկերոջն ուղղված Երեւան այցելելու հրավերը:
Վիեննայում հանդիպում կայացավ նաեւ ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ դեսպան Իոն Օ’լիին:
Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու դեսպան Օ'լին անդրադարձան Իռլանդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իէմոն Գիլմորի` Հայաստան նախատեսվող այցին:
Հանդիպման օրակարգում էր նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առնչությամբ դեսպան Օ'լին վերահաստատեց ԵԱՀԿ նախագահության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի փոխվարչապետ, Եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Միխայիլ Շպինդելեգերի հետ:
Հայաստանի եւ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին այս տարի նախատեսվող Ավստրիայի Նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:
Նախարարներ Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հայաստանի ԱԳ նախարարի հաջորդ հանդիպումը Չերնոգորիայի արտգործնախարար Միլան Ռոչենի հետ էր:
Հանդիպման օրակարգում էին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական փոխգործակցության զարգացման, ապակենտրոնացված համագործակցության, Չերնոգորիայի ԱԳ նախարարի Երեւան կատարելիք այցին առնչվող հարցեր:
Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց Ավստրիայի առաջատար «Der Standart» թերթին:
Նույն օրը, ավարտելով այցելությունը, Էդվարդ Նալբանդյանը վերադարձավ Երեւան: