Նախարար Նալբանդյանն ընդունեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր նստաշրջանի 36-րդ նիստի նախագահողին եւ գլխավոր տնօրենի տեղակալին

23 ապրիլի, 2012

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր նստաշրջանի 36-րդ նիստի նախագահող Կատալին Բոգյայի (Katalin Bogyay) եւ գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Գետաչեւ Էնգիդայի (Getachew Engida) գլխավորած պատվիրակությանը, ովքեր Երևանում էին գտնվում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Երեւանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու համար եւ նշեց, որ իր անդամակցությունից ի վեր Հայաստանն, արդեն 20 տարի է, ակտիվորեն մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության բոլոր ոլորտներին: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր մարմիններում եւ ծրագրերում Հայաստանի ակտիվ ներգրավվածության հանձնառությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները, շնորհավորելով «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» շարքի միջոցառումների տպավորիչ մեկնարկի կապակցությամբ, նշեցին, որ միջոցառումների բազմազանությունը եւ ծավալը վկայում են Հայաստանի կողմից գրքի ու գրականությանը տրվող կարեւորության մասին:

Զրուցակիցներն անդրադարձան մշակութային ժառանգության եւ բազմազմանության պահպանման հիմնախնդիրներին: Այս ենթատեքստում հյուրերը բարձր գնահատեցին Հայաստանի կողմից պատմամշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Հայաստանի արտգործնախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում հակայակական եւ ռասիստական քարոզչության, ինչպես նաեւ հայկական պատմական ժառանգության ոչնչացման քաղաքականության վրա, որի արդյունքում համաշխարհային արժեք ներկայացնող հազարավոր հուշարձաններ իսպառ անհետացել են:

Հանդիպմանը քննարկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող ծրագրերին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր:

Տպել էջը