Արտգործնախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը

25 մայիսի, 2012

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներ Սոֆի Ժուասենին, Ֆիլիպ Մարինիին եւ Բերնար Ֆուրնիեին:

Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի սենատորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության զարգացման գործում:

Հայաստանի արտգործնախարարն ողջունել է ֆրանսիացի սենատորների այցելությունն Արցախ՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները հնարավորություն են ստեղծում անձամբ տեսնելու եւ առաջին ձեռքից տեղեկանալու տեղի ունեցող զարգացումների մասին:

Ֆրանսիացի սենատորներն իրենց հերթին գոհունակություն են հայտնել Հայաստան եւ Արցախ իրենց այցելությունից եւ կիսվել են Ստեփանակերտում ունեցած հանդիպումների տպավորություններով: Սենատորները բարձր գնահատական են տվել Արցախում հաստատված ժողովրդավարական կարգերին:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Տպել էջը