Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

31 մայիսի, 2012

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մըրֆիին:

Նախարարի պաշտոնակատար Նալբանդյանն ու դեսպան Մըրֆին հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների շուրջ: Այդ առումով Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ուշադրություն հրավիրեց ադրբեջանական կողմի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խարխլող քայլերի՝ ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի, շփման գծում պարբերական սադրանքների վրա:

Պատրիկ Մըրֆիին իր հերթին նշեց, որ ԵԱՀԿ իռլանդական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ շփման գծում լարվածության թուլացմանն ու վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի օրակարգային հարցերին:

Տպել էջը