Էկվադորի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

12 հունիսի, 2012

Հունիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին Հայաստանում Էկվադորի առաջին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ մեծ ներդրում կունենա երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում:

Դեսպան Սավալայը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշեց, որ Հայաստանում իր երկրի առաջին դեսպան լինելը պատվաբեր է եւ միաժամանակ պարտավորեցնող: Նա հավաստիացրեց, որ ջանքեր կգործադրի երկկողմ փոխգործակցությունն զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը, առեւտրատնտեսական, մշակութային հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր:

Տպել էջը