Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ավստրալիայի վարչապետի հատուկ բանագնացին

25 հունիսի, 2012

Հունիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ավստրալիայի վարչապետի Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Կովկասի գծով հատուկ բանագնաց Ռասել Տրուդին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Ավստրալիայի հետ համագործակցության զարգացումը և այդ նպատակով պատաստ է գործուն քայլեր ձեռնարկել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն կարևորեց, որ վերջին շրջանում արտգործնախարարների մակարդակով հանդիպումները պարբերական բնույթ են կրում, իսկ վարչապետի հատուկ բանագնացի այցը ևս մեկ հնարավորություն է քննարկելու փոխգործակցության ընդլայնման ուղիները և մտքեր փոխանակելու միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ:

Ռասել Տրուդը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ասաց, որ իր այցելությունը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու Ավստրալիայի իշխանությունների հետաքրքրության դրսևորումն է և կարևորեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պարբերական բնույթը:

Զրուցակիցները քննարկեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձան միջազգային օրակարգի խնդիրներին:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Ռասել Տրուդը Հայաստանի արտգործնախարարին փոխանցեց Կանբերա այցելելու իր ավստրալացի գործընկերոջ հրավերը:

Տպել էջը