Ալբանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

02 հուլիսի, 2012

Հուլիսի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ալբանիայի
նորանշանակ դեսպան Դաշնոր Դերվիշիին (նստավայրը՝ Աթենք)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝
նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով առավել
արդյունավետ կօգտագործվի առկա ներուժը հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար, և որ դեսպան Դերվիշին իր ներդրումը կունենա երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում ակտիվ փոխգործակցության համար նոր ուղիներ ստեղծելու, զարգացնելու և ընդլայնելու գործում:

Դեսպան Դերվիշին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝
նշեց, որ Ալբանիան կարևորում է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդումը և հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմանի կապերի զարգացման ու խորացման համար:

Զրուցակիցները քննարկեցին նաև երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և հումանիտար  համագործակցության խթանման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
 

Տպել էջը