Նախարար Նալբանդյանն ընդունեց եվրոպական քաղաքական գործիչների

17 հուլիսի, 2012

Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և ԵԽ ու Բունդեստագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկային՝ Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքի ուղեկցությամբ:

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-ԵՄ վերընթաց զարգացում ապրող համագործակցության կապակցությամբ` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական շփումների նշանակությունը` որպես երկկողմ փոխգործակցության կարևոր ձեւաչափ:

Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Էլենի Թեոխարուսի բազմամյա մարդասիրական գործունեությունը եւ հետեւողական վերաբերմունքը հայ ժողովրդի համար կարեւոր խնդիրների նկատմամբ:

Էդվարդ Նալբանդյանն ողջունեց եվրոպացի քաղաքական գործիչների մասնակցությունը Արցախի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ այն գնահատելով որպես իրականությանն առաջին ձեռքից ծանոթանալու լավագույն հնարավորություն:

Հայաստանի արտգործնախարարը հյուրերին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:

Տպել էջը