Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների ժողովի նախագահին

17 հուլիսի, 2012

Հուլիսի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց որ Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վատիկանի ամուր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա հիմնված լինելով դարերի խորքից եկող պատմական կապերի, քրիստոնեական արժեհամակարգի և հարուստ մշակութային ժառանգության վրա: Հայաստանի արտգործնախարարն երախտագիտություն հայտնեց Հայաստանում Սուրբ Աթոռի բազմամյա բարեգործական գործունեության համար:

Նախարար Նալբանդյանն ու կարդինալ Սանդրին կարեւորեցին անցյալ դեկտեմբերին ՀՀ Նախագահի Սերժ Սարգսյանի այցելությունը Վատիկան եւ Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ հանդիպումը՝ որպես հարաբերությունների բարձր մակարդակի եւս մեկ վկայություն:

Զրուցակիցները քննարկեցին փոխադարձ կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ:

Տպել էջը