Ավստրիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

27 օգոստոսի, 2012

Օգոստոսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալոիս Կրաուտին(նստավայրը՝ Վիեննա)՝ հավատարմագրերի պատճենի հանձման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունները էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն:

Դեսպան Կրաուտը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և հավաստիացրեց, որ ջանք չի խնայի հայ-ավստրիական հարաբերությունների ամրապնդման և որակական նոր մակարդակի բարձրացման համար:

Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը նշեց, որ հունիսին կայացած Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի պաշտոնական այցը և երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպմանը գոհունակությամբ նշվեց, որ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանը ներգրավվել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում, և առաջիկայում մի շարք ծրագրեր են նախատեսված իրականացման համար:

Զրույցի ընթացքում քննարկվեցին փոխգործակցության գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներին:

Տպել էջը