Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ արաբական երկրների իր գործընկերների հետ

01 հոկտեմբերի, 2012

Նյու-Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Լիբանանի, Հորդանանի և Սիրիայի արտգործնախարարների հետ:

Էդվարդ Նալբանդյանի և Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրի հանդիպմանը քննարկվեցին ՀՀ Նախագահի Լիբանան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցությանը, մտքեր փոխանակվեցին Միջին Արևելքում ընթացող զարգացումների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանի և Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդեհի զրույցի ժամանակ անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը: Այս առումով կարևորվեց Ամմանում ՀՀ դեսպանի հավատարմագրումը և ՀՀ պատվո հյուպատոսության հիմնումը, իրականացվող մշակութային փոխանակումները:

Նախարարները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, գործարար կապերի զարգացման, ինչպես նաև մշակութային ոլորտում փոխգործակցության ակտիվացման համար:

Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմի հետ:

Սիրիայի արտգործնախարարը ներկայացրեց երկրում վերջին զարգացումները և մոտեցումները ՄԱԿ-ի և Արաբական լիգայի բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող բախումների և վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ անհնար է հասնել ճգնաժամի հաղթահարման առանց բոլոր կողմերից բռնությունների դադարեցման և բոլոր սիրիացիների շահերն հաշվի առնող քաղաքական երկխոսության:

Տպել էջը