ՀՀ արտգործնախարարն ընդունեց շվեյցարացի պատգամավորներին

05 հոկտեմբերի, 2012

Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը` համանախագահներ Ուելի Լոյենբերգերի և Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր քսան տարիների ընթացքում թե´ փոխադարձ այցերի և թե´միջազգային տարբեր հարթակներում հաճախակի շփումների միջոցով, բնականոն հաճախականությամբ զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ:

Նախարար Նալբանդյանն ողջունեց շվեյցարացի պատգամավորների այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տեղում առկա իրավիճակին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շվեյցարացի խորհրդարանականներն վստահեցրեցին, որ շարունակելու են իրենց գործունեությունը ուղղված հայ-շվեյցարական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Նախարար Նալբանդյանը առանձնահատուկ կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, և մասնավորապես բարեկամական խմբերի կողմից իրականացվող աշխատանքները որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևոր բաղադրիչ:

Կողմերն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի:

Տպել էջը