Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարների հետ

14 դեկտեմբերի, 2012

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիի, Կարլ Բիլդտի եւ Նիկոլայ Մլադենովի հետ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի հետ Հայաստանը կապում են ավանդական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, իսկ ներկայումս առկա է արդյունավետ համագործակցություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափերում: Նախարարը կարեւորեց փոխգործակցությունը Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ծավալուն օրակարգին եւ արձանագրվեց, որ մի շարք ուղղություններով առկա է բավականին լավ առաջընթաց եւ վերահաստատվեց նպատակադրվածությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում խորացնելու եւ զարգացնելու փոխգործակցությունը:

Երկուստեք կարեւորվեց համատեղ ջանքերի գործադրումը մինչեւ 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները ավարտին հասցնելու ուղղությամբ:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին, որ ԵՄ հետ հաջողությամբ ավարտվել են մուտքի արտոնագրերի դյուրացման շուրջ համաձայնագրի բանակցությունները եւ մոտակա օրերին նախատեսվում է այն ստորագրել:

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացումը:

Բանակցությունների օրակարգում էին մի շարք միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ: Մասնավորապես մտքեր փոխանակվեցին Սիրիայում առկա իրավիճակի, սիրիահայության խնդրիների շուրջ:

Նախարար Նալբանդյանը գործընկերներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը:

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիսը:

Տպել էջը