Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների միջեւ

25 դեկտեմբերի, 2012

Դեկտեմբերի 25-ին` արտաքին գործերի նախարարությունների խորհրդատվությունների 2012-2013թթ. ծրագրի համաձայն, Երեւանում անցկացվեցին հայ-ռուսական խորհրդատվություններ, որոնց մասնակցեցին ՀՀ ԱԳ նախարարության կողմից` նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը, իսկ ՌԴ ԱԳ նախարարության կողմից ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Մ.Եվդոկիմովը:

Կողմերն անդրադարձան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ Անկախ Պետությունների Համագործակցության հարթակում երկկողմ համագործակցության եւ փոխներգործության հետագա խորացման հարցերի լայն շրջանակին: Զրույցի ընթացքում, որն անցավ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին բնորոշ բարեկամական եւ փոխվստահության մթնոլորտում, քննարկվեց ընթացիկ տարվա դեկտեմբերին Աշխաբադում ու Մոսկվայում կայացած ԱՊՀ եւ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի արդյունքներով մշակված օրակարգի հարցերով երկկողմ փոխգործակցության թեմատիկան:

ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Մ.Եվդոկիմովի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Խորհրդատվություններին մասնակցեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների մասնագիտացված ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները:

Տպել էջը