Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Իրանի փոխարտգործնախարարին

25 դեկտեմբերի, 2012

Դեկտեմբերի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիին։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է փոխշահավետ համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ և կարելի է արձանագրել, որ հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխարտգործնախարար Արաղչին նախարար Նալբանդյանին հանձնեց ԻԻՀ արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի ուղերձը ու հավելեց, որ տարին նշանավորվել է բարիդրացիական հարաբերությունների կայուն դինամիկայով և իր այցը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ ամփոփելու 2012թ. տեղի ունեցած զարգացումները և քննարկելու երկու երկրների օրակարգային հարցերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացմանը, հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների և երկխոսության միջոցով։

Զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակեցին Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Փոխարտգործնախարար Արաղչին իր հերթին ընդգծեց, որ Իրանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Տպել էջը