Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

14 հունվարի, 2013

Հունվարի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (Niniek Kun Naryatie) (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին և շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարվա օգոստոսին այցելությունը Ջակարտա, Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեգավայի հետ հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածություններն՝ ուղղված երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելուն, քաղաքական երկխոսությունը ակտիվացնելուն, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը սերտացնելուն, իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, և մշակութային կապերը զարգացմանը և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա այդ պայմանավորվածությունների իրականացման գործում։

Նախարարը նաև նշեց, որ Հայաստանը կարևորելով Ինդոնեզիայի հետ հարաբերությունները՝ նախատեսում է այս տարի դեսպանատուն բացել Ինդոնեզիայում, ինչով նոր լիցք և որակ կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:

Դեսպան Նարյաթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքերն է ներդնելու երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու և ընդլայնելու համար:

Տպել էջը