ԱԳ նախարարն ընդունեց Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

01 փետրվարի, 2013

Փետրվարի 1-ին ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպական բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ դեսպան Տակեշի Հիկիհարային:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 2012 թ. հայ-ճապոնական հարաբերությունները նշանավորվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ճապոնիա կատարած պաշտոնական այցելությամբ, որի ընթացքում ՀՀ Նախագահի և Ճապոնիայի վարչապետի երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության հետագա խորացման մասին համատեղ հայտարարությունը, ձեռք բերված պայմանավորվածությունները նոր հեռանկարներ բացեցին փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման համար: ԱԳ նախարարն գոհունակությամբ ասաց, որ չնայած երկրների միջև եղած հեռավորությանը, հայ-ճապոնական փոխշահավետ համագործակցությունը տարեցտարի էլ ավելի է ընդլայնվում և խորանում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման նպատակով Ճապոնիայի կողմից ցուցաբերված տեխնիկական և ֆինանսական աջակցության համար:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների կազմակերպման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման և մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցերին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այս ենթատեքստում դեսպան Հիկիհարան վերահաստատեց, որ Ճապոնիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

Տպել էջը