Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

21 փետրվարի, 2013

Փետրվարի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս հայ-հնդկական պատմության խորքից եկող, ավանդական բարեկամական փոխհարաբերություններին և շահագրգռված է երկկողմ փոխգործակցության շարունակական զարգացմամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բաբուն նախ նշեց, որ ինքը ուշադրությամբ հետևել է նախագահական ընտրությունների ընթացքին և իր կառավարության անունից շնորհավորեց բարձր մակարդակով անցկացված ընտրությունների կապակցությամբ։ Դեսպանը վստահեցրեց, որ կարևոր ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների միջև գոյություն ունեցող կապերի էլ ավելի ընդլայնման և խորացման գործում:

Զրուցակիցները անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, այդ թվում քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների ակտիվացման վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանը և Հնդկաստանը բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ միևնույն կամ իրար շատ մոտ տեսակետներ ունեն: Այս համատեքստում, նախարար Նալբանդյանն բարձր գնահատեց Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Տպել էջը