ԱԳ նախարարն ընդունեց Բրազիլիայի փոխարտգործնախարարին

11 մարտի, 2013

Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում աշխատանքային այցելությամբ գտնվող Բրազիլիայի փոխարտգործնախարար Վերա Մաշադոյին։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը կարևորում է հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը և վստահություն հայտնեց, որ երկուստեք ջանքերով հնարավոր է առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ներուժը։ Նախարարի խոսքերով այդ նպատակով անհրաժեշտ է ջանքեր գործադրել ամրապնդելու իրավապայմանագրային դաշտը, խորացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, սերտացնելու միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Վերա Մաշադոն նշեց, որ Բրազիլիան շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ և իր այցելությունը հենց այդ նպատակին է ծառայում։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

Տպել էջը