ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատվիրակությանը

06 մայիսի, 2013

Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատվիրակությանը՝ դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական փոխգործակցությունը, ինչպես գործադիր և օրենսդիր իշխանությունների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով՝ ընդգծելով, որ ապակենտրոնացված համագործակցությունը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների առավել զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Քրիստոֆ Մասը՝ տեղեկացրեց, որ պատվիրակության այցի նպատակն է ընդլայնել գործակցության ոլորտները Սյունիքի մարզի հետ, որի շրջանակներում Գորիս քաղաքում բացվել է բժշկական կենտրոն։

Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այցի ընթացքում պատվիրակության հանդիպումներն ու ուսումնասիրություններն արգասաբեր կլինեն, և առաջիկայում հնարավոր կլինի նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Տպել էջը