Արաբական միացյալ էմիրությունների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

23 մայիսի, 2013

Մայիսի 23-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արաբական միացյալ էմիրությունների նորանշանակ դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբիին (նստավայրը՝ Թեհրան)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համագործակցության հետագա զարգացման գործում: Նախարար Նալբանդյանը նաև հավելեց, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները և պատրաստակամություն հայտնեց աջակցել դեսպանին դրանց առավել ամրապնդման և ընդլայնմանն ուղղված նրա առաքելության մեջ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ալ Զաաբիին նշեց, որ Արաբական միացյալ էմիրությունները կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ և վստահեցրեց, որ ջանքեր չի խնայի այդ ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ալ Զաաբիին քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով իրականացվելիք քայլերը։

Զրուցակիցներն արձանագրեցին, որ հայ-էմիրաթյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման բնագավառում մեծ ներուժ կա, որի օգտագործման համար հարկավոր են երկուստեք գործուն քայլեր։ Այս համատեքեստում նշվեց հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի ձևավորման կարևորությունը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Երևանում Էմիրությունների դեսպանության բացման անհրաժեշտությանը։

Տպել էջը