ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում կազմակերպված համաժողովին

03 հուլիսի, 2013

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի, Սահմանդրական դատարանի, Արտաքին գործերի նախարարության, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից Երևանում կազմակերպած «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը մասնավորապես ասաց.

“Հարգարժան Ազգային Ժողովի նախագահ,
Հարգարժան Սահմանադրական դատարանի նախագահ,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարգարժան Նախագահ,
Վենետիկի հանձնաժողովի հարգարժան Նախագահ,
Համաժողովի հարգելի մասնակիցներ, տիկնայք և պարոնայք,
Իբրև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, պատիվ ունեմ Նախարարների կոմիտեի անունից ողջունելու ձեզ Երևանում՝ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» խորագրով Համաժողովի առիթով:

Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ, 2013թ. մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնեց Նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս կարևոր առաքելությունը մենք առաջին հերթին դիտարկում ենք իբրև հավելյալ հնարավորություն մեր ներդրումը բերելու ժողովրդավարության զարգացմանն ուղղված Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միասնական ջանքերին:

Նախագահությունը նաև մարտահրավեր է Եվրոպայի Խորհրդի ցանկացած անդամ երկրի համար, որովհետև եվրոպական մայրցամաքն այսօր բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնք կարող են դժվարություններ ստեղծել մեր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։ Այն նաև մեծ պատասխանատվություն է, քանի որ կազմակերպության հաջողությունը կախված է ոչ միայն Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաև այդ ջանքերի պատշաճ առաջնորդությունից։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները հիմնված են կազմակերպության երեք հենասյուների վրա՝ առանձնացնելով արդի ժամանակաշրջանում մեր կարծիքով առավել մեծ ուշադրություն և համարժեք արձագանք պահանջող հարցերը: Դրանցից կնշեի Եվրոպայում ռասիզմի և այլատյացության, ատելության խոսքի դեմ պայքարը, միջմշակութային և միջկրոնական երկխոսության խրախուսումը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը:

Հայաստանի նախագահությունը նաև մեծ կարևորություն է տալիս բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանը, Եվրոպայի խորհրդի բարեփոխումներին, եվրոպական ընդհանուր ճարտարապետության մեջ կազմակերպության դերի ամրապնդմանը, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի հարևան տարածաշրջանների հետ երկխոսության զարգացմանը:

Տիկնայք և պարոնայք,

2013թ. մայիսի 16-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանի ընթացքում, մենք բավական հետաքրքրիր և բովանդակալից քննարկում ունեցանք՝ փորձելով պատասխանել այն հարցին, թե ինչ պետք է անեն Եվրոպայի Խորհուրդը և անդամ երկրները՝ Եվրոպայի Խորհրդի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մենք բոլորս համակարծիք էինք, որ Եվրոպայի Խորհուրդը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության պաշտպանության և տարածման բացառիկ մեխանիզմ է: Այդ մեխանիզմը բացառիկ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությամբ, որը 800 միլիոն եվրոպացիների իրավունքների պաշտպանության վերազգային երաշխավորն է, այդ մեխանիզմը բացառիկ է իր ստեղծած պարտադիր բնույթ ունեցող նորմերով ու չափորոշիչներով, այն բացառիկ է իր ինստիտուցիոնալ կառուցվածքով և համաեվրոպական ընդգրկմամբ:

Կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու նրա վստահելիությունը մեծապես կախված են այն հանգամանքից, թե որքանով անդամ երկրները միասնաբար և յուրաքանչյուրն անհատապես հավատարիմ կմնան ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքներն ամրապնդելու և առաջ տանելու իրենց հանձնառությանը:

Տիկնայք և պարոնայք,

Իրավունքի և օրենքի գերակայությունների տարբերակման, եվրոպական չափորոշիչների և իշխանությունների հայեցողության սահմանների վերաբերյալ կարծիքները և մեկնաբանությունները թողնելով այս դահլիճում ներկա ոլորտի պատկառելի պատասխանատուներին և մասնագետներին, կցանկանայի ընդգծել իրավունքի գերակայության կարևորությունը մեր երկրների ու հասարակությունների զարգացման համար:

Արիստոտելն ասել է ՙՙՕրենքը կարգուկանոն է, իսկ լավ օրենքը՝ լավ կարգուկանոն”: Այս համաժողովի աշխատանքները նաև կարող են նպաստել օրենքի և դրա կիրառելիության կատարելագործմանը եվրոպական մայրցամաքում և այս գործընթացում իրենց ներդրումը կարող են բերել ինչպես Նախարարների կոմիտեն և Խորհրդարանական Վեհաժողովը, այնպես էլ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու Վենետիկի Հանձնաժողովը:

Ավարտելով խոսքս, կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի Սահմանադրական դատարանին և անձամբ նախագահ Գագիկ Հարությունյանին այս համաժողովը նախաձեռնելու համար, որի կարևորության ամենավառ վկայությունը մասնակիցների ներկայացուցչական կազմն է և աշխարհագրական լայն ընդգրկումը:
Շնորհակալություն եմ հայտնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուկիկիոյին համաժողովի կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ համաժողովի աշխատանքներին իրենց ներդրումը բերելու համար:

Հաջողություն եմ մաղթում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով համաժողովի և վստահ եմ, որ այն իր կարևոր ներդրումը կբերի այս խիստ արդիական քննարկումներին:
Շնորհակալություն:”

Տպել էջը