Ֆիլիպինների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

22 օգոստոսի, 2013

 Օգոստոսի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆիլիպինների նորանշանակ դեսպան Ալեխանդրո Մոսկերային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Մոսկերային նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Հարավ-Արևելյան Ասիայի առաջատար պետություններից մեկը հանդիսացող Ֆիլիպինների Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը: Արտգործնախարարը հավելեց, որ ջերմությամբ է հիշում անցած տարի Մանիլա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում նախագահ Բենիգնո Աքինո III-ի և արտգործնախարար Ալբերտ դել Ռոսարիոյի հետ հանդիպումները: Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը ջանքեր կգործադրի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության խթանման, մշակութային կապերի խորացման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մոսկերան նշեց, որ չնայած երկրների միջև հեռավորությանը՝ նա առաքելության ընթացքում իր հնարավոր նպաստը կբերի հայ-ֆիլիպինյան փոխգործակցության ընդլայնման և խորացման գործին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:

Տպել էջը