Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարների հանդիպումը

13 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ս.թ. հունիսի 11-12 ՀՀ Նախագահի Մոլդովայի Հանրապետություն կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և այդ ուղղությամբ Երևանի և Քիշնևի կողմից ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

Նախարարներն անդրադարձան երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին:

Երկուստեք բարձր գնահատվեց վերջին շրջանի հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ համագործակցությանը։

Տպել էջը