ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի գրքի շնորհանդեսը

17 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի
«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը»
գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Երևանում հավատարմագրված դեսպաններ,
գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ
Նալբանդյանը: Շնորհավորելով հեղինակին գրքի հրատարակման կապակցությամբ՝
նախարարը ասաց. «Հետաքրքրությամբ եմ կարդացել կարևոր գիտական արժեք
ունեցող այս մենագրությունը և վստահ եմ, որ այն արժանի է ուշադրության ոչ
միայն պատմաբանների, փորձագետների, դիվանագետների, բոլոր այն
հետազոտողների, որոնք հետաքրքրվում են մեր տարածաշրջանով, այլև առավել
լայն շրջանակի ընթերցողների համար»,- նշեց արտգործնախարար Նալբանդյանը:

Իր խոսքում շնորհակալություն հայտնելով արտգործնախարարությանը գրքի
շնորհանդեսի կազմակերպման համար, Հայկ Դեմոյանը ասաց, որ այս գիրքը
տասնհինգ տարվա իր գիտահետազոտական աշխատանքի ամփոփումն է, որտեղ
ներկայացված է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան
հիմնախնդրի հանդեպ՝ դրա ծագումից մինչև մեր օրերը։ Նա շեշտեց, որ սույն
աշխատության մեջ առաջին անգամ շրջանառության մեջ են դրվում մինչ օրս
անհայտ պատմական, արխիվային վավերագրեր և փաստաթղթեր, որոնք լույս են
սփռում այս խնդրի վերաբերյալ։

«Բերված ընդարձակ նյութի վրա աշխատությունում հիմնավորվում է, որ
Թուրքիան հանդես գալով Ադրբեջանի կողմից լրջորեն նպաստեց հիմնախնդրի
թեժացմանը, և շարունակում է բացասաբար ազդել կարգավորման գործընթացի
վրա», – ընդգծեց Հայկ Դեմոյանը։

Գրքի գիտական արժեքների մասին խոսեցին պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը և ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանը։

Տպել էջը