ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

22 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հայկական նախագահության շրջանակներում անցկացվող «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության հարցերում, ինչին նպաստել է նաև ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցչի հետ հաստատված սերտ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը ընդգծեց, որ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընթացող արդյունավետ համագործակցությունը։ Նա հավելեց, որ Հայաստանը լուրջ ճանապարհ է անցել խոսքի ազատության ապահովման ուղղությամբ և ողջունեց իշխանությունների կողմից այդ բնագավառում իրականացվող քայլերը՝ հավաստիացնելով, որ շարունակելու է իր գրասենյակի փորձագիտական աջակցությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում հեռահաղորդակցության թվայնացման գործընթացի վերաբերյալ։

Դունյա Միյատովիչը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց իր ղեկավարած գրասենյակի գործունեությունը և ապագա ծրագրերը։

Տպել էջը