Մարոկկոյի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

29 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպան Մինա Թունսիին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է և հույս հայտնեց, որ նա կնպաստի երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թունիսին նշեց, որ Մարոկկոն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և վստահեցրեց, որ ջանքերն ուղղելու է երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերին՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը։

Նախարար Նալբանդյանը Մարոկկոյի դեսպանին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Տպել էջը