Հայաստանի արտգործնախարարի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի հանդիպումը

29 հոկտեմբերի, 2013

 Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսին:

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային առնչություններով և Հայաստանը մեծապես կարևորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը:

Արտգործնախարարը հավելեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտին իր պաշտոնական այցելությունը Աթենք և հանդիպումը Դմիտրիս Ավրամոպուլոսի հետ որպես Հունաստանի ԱԳ նախարար ու գոհունակությամբ նշեց, որ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում:

Հունաստանի պաշտպանության նախարարը ընդգծեց, որ շատ բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները։ Նա ասաց, որ պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հայ և հույն ժողովուրդները միասնաբար պայքարել են օտարերկրյա նվաճողների դեմ։

Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ քաղաքական և ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:

Տպել էջը