Արտգործնախարարն ընդունեց Ֆրանկոֆոն համալսարանների Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի հանդիպման մասնակիցներին

02 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոն համալսարանների Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի ամենամյա հանդիպմանը 14 երկրներից ժամանած մասնակիցներին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի խորհրդական Ֆիլիպ Կանտրենի և Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի նախագահ Միշել Գիյուի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հանդիսանալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ՝ իր ակտիվ մասնակցությունն է բերում ՖՄԿ տարբեր կառույցների գործունեությանը, որի վկայությունն է նաև «Ֆրանսերենի և ֆրանսերենով դասավանդման հեռանկարները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» գիտաժողովի անցկացումը Երևանում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հանդիպման մասնակիցները ներկայացրեցին համաժողովի արդյունքները, Սենգորի անվան ամբիոնների միջև իրականացվող համագործակցությունը։ Հյուրերը ներկայացրեցին ֆրանկոֆոն արժեքների տարածման ուղղությամբ իրենց կրթօջախների գործունեությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող փոխգործակցությանը, հաջորդ շաբաթ կայանալիք ՖՄԿ նախարարական հանդիպմանն առնչվող հարցերին։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին Եվրախորհրդի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կամզակերպության միջև համագործակցության շուրջ։

Ամենամյա հանդիպմանը զուգահեռ հյուրերը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կողմից կազմակերպված «Ֆրանսերենի և ֆրանսերենով դասավանդման հեռանկարները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» խորագրով գիտաժողովին։

Տպել էջը