Արտգործնախարարն ընդունեց Ճապոնիայի փոխարտգործնախարարին

20 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տակաո Մակինոյին։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը Ճապոնիայի հետ համագործակցությունը ընդլայնելու, խորացնելու, և նոր մակարդակի բարձրացնելու համար։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անցյալ տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ճապոնիա կատարած պաշտոնական այցելությունը, կայացած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները նոր թափ հաղորդեցին հայ-ճապոնական հարաբերություններին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Տակաո Մակինոն հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հաստատված բարեկամական փոխգործակցությունը հետագայում առավել կզարգանա։ Նա երախտագիտությամբ հիշատակեց Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո անցյալ տարի Հայաստանի նախագահի այցելության շրջանակներում Սերժ Սարգսյանի աղետի գոտի այցելությունը, տուժածներին Հայաստանի ցուցաբերած աջակցությունը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցված պատարագը՝ բնորոշելով դրանք որպես իրական բարեկամության դրսևորումներ։

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Տոկիոյում Հայաստանի դեսպանատան բացումից հետո երկկողմ փոխգործակցությունը մի շարք բնագավառներում ընդլայնվել է, երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրում, և ստեղծվել է համապատասխան հենք համագործակցության խորացման համար։ Հայաստանի արտգործնախարարը կարևորեց Երևանում դեսպանատուն բացելու Ճապոնիայի ԱԳՆ նախաձեռնությունը։
Զրույցի ընթացքում քննարկվեց միջազգային կազմակերպություններում երկկողմ , միջխորհրդարանական, առևտրատնեսական, մշակութային, կրթական բնագավառներում համագործակցությունը:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղության Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։ Այս համատեքստում Ճապոնիայի փոխարտգործնախարարն իր երկրի աջակցությունը հայտնեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերին։

Տպել էջը