Արտգործնախարարն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի անդամներին

07 դեկտեմբերի, 2013

Դեկտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի անդամներին՝ խմբի ղեկավար Ռընե Ռուքեի գլխավորութամբ։

Ողջունելով հյուրերին նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց պատգամավորական խմբի հաճախակի այցելությունները Հայաստան և Արցախ և շնորհակալություն հայտնեց հայ-ֆրանսիական բարեկամության և առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց հետևողական ջանքերի համար:

Զրույցի ընթացքում գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության բոլոր ոլորտներում խորացման կապակցությամբ, որում կարևոր դերակատարություն ունեն նաև խորհրդարանական և ապակենտրոնացված ձևաչափերը։

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա էր ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության խմբի նախագահ Արա Բաբլոյանը։

Տպել էջը