Արտգործնախարարն ընդունեց Իտալիայի դեսպանի հավատարմագրերի պատճենը

10 դեկտեմբերի, 2013

Դեկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ջովաննի Ռիչիուլլիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով։ Նա հաջողություն մաղթեց դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանն իր աշխատանքով կնպաստի հայ-իտալական բարեկամական փոխգործակցության ընդլայնմանը և խորացմանը: Նախարարը հավելեց, որ Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը, որը հիմնված է պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեքների վրա, ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով նոր ձեռքբերումներ արձանագրելու համար։

Դեսպան Ռիչիուլլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրեց, որ կանի առավելագույնը հայ-իտալական համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը և դեսպան Ռիչիուլլիին քննարկեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի խթանման, ապակենտրոնացված, կրթամշակութային համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձան նաև Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

Տպել էջը