Արտգործնախարար Նալբանդյանը Ժնևում երկկողմ հանդիպումներ ունեցավ Լատվիայի և Հոնդուրասի արտգործնախարարների հետ

06 մարտի, 2014

Ժնևում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։

Նախարարները բարձր գնահատեցին երկու երկրների միջև հաստատված բարեկամական համագործացությունը՝ ընդգծելով, որ առկա է այն առավել զարգացնելու համապատասխան ցանկություն և ներուժ։

2015 թ. առաջին կիսամյակում Եվրոպական միությունում լատվիական նախագահության համատեքստում Հայաստանի և Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին Հայաստան – ԵՄ հարաբերությունների շուրջ՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու կարևորությունը։
Զրույցի ընթացքում անդրադրաձ եղավ միջագզային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանն առնչվող հարցերի։

Էդգարս Ռինկևիչսը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց պաշտոնական այց կատարել Ռիգա։

Ժնևում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հոնդուրասի արտաքին հարաբերությունների պետական քարտուղար Միրեյա Ագուերո դե Կորալեսի հետ։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:

Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ անտեսելով և հակադրվելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային հանրության դիրքորոշմանը, որն արտահայտվում է համապաստախան մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների Նախագահների հայտարարություններում, Ադրբեջանը նպատակ է հետապնդում ապակողմնորոշել իր և միջազգային հանրային կարծիքը։ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ այդ նպատակով որոշ երկրներում, տարբեր միջոցների դիմելով, Ադրբեջանը փորձեր է կատարում հիմնախնդրի վերաբերյալ շինծու հայտարարություններ անցկացնել, որոնք վնաս են հասցնում բանակցային գործընթացին, հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված համանախագահների ջանքերին։

Նախարարները պայմանավորվեցին ակտիվացնել շփումները երկու երկրների միջև, Երևանում և Տեգուսիգալպայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրել։

Տպել էջը