Նորվեգիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

14 մայիսի, 2014

Մայիսի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի թագավորության նորանշանակ դեսպան Լեյդուլվ Նամտվեդին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Նամտվեդդն իր գործունեությամբ կնպաստի հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նամտվեդդը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զգալի աշխուժություն է արձանագրվել, կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ակտիվացել է փոխգործակցությունը մի շարք ոլորտներում։

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Նամտվեդին մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Տպել էջը