Հորդանանի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

08 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Հորդանանի Հաշեմյան թագավորության նորանշանակ դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարին (նստավայրը` Տաշքենդ)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Բալքարն իր գործունեությամբ կնպաստի հայ-հորդանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հորդանանի դեսպանը վստահեցրեց, որ գործուն քայլեր կձեռնարկի` երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանն ու դեսպան Բալքարը մանրամասն քննարկեցին ՀՀ նախագահի` Հորդանան նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքները, այցի շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերի մշակման գործընթացը։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բալքարը մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների` սիրիական ճգնաժամի, Իրաքի հյուսիսում ծայրահեղականների կողմից շարունակվող բռնությունների և իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի շուրջ։

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ մոտեցումները։ 

Տպել էջը