Արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

16 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր, անդրադարձան հոկտեմբերի վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Փարիզում նախատեսված հանդիպմանը:

Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի նախօրեին և Փարիզում Նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների բազմակի աճին, ինչը բացասաբար է ազդում բանակցային գործընթացի վրա։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծեց, որ Եվրոպական միությունը շահագրգռված է տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ և սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Տպել էջը