Տեղեկատվական աշխատանքի վերաբերալ խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-երի միջև

27 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 27-ին, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների 2014-2016 թթ. ծրագրի համաձայն, Երևանում տեղի ունեցան տեղեկատվական ոլորտի խնդիրների շուրջ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններ, որոնցում հայկական կողմը ներկայացնում էին ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը և մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը, իսկ ռուսաստանյան կողմը՝ ՌԴ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Խորհրդակցություններին հանգամանալից քննարկում ծավալվեց տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ։

Կողմերն անդրադարձան ԱԳՆ-երի տեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցերի՝ մասնավորապես տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ:

Միջգերատեսչական խորհրդակցությունների մասնակիցները մտքեր փոխանակեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների վերաբերյալ։ Կարևորվեց արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման ոլորտում կադրերի պատրաստման հարցում փորձի փոխանակումը:

Խորհրդակցությունների օրակարգում էին նաև տեղեկատվական դաշտում խտրականության և այլատյացության քարոզչության պայքարին առնչվող հարցերը։

 

 

Տպել էջը