Սլովենիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

20 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Նատաշա Պրահին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց հայ-սլովենական հարաբերությունները և ընդգծեց, որ առկա է դրանց զարգացման և խորացման երկուստեք շահագրգռվածություն: Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին` իր առաքելության ընթացքում, և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-սլովենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պրահը նշեց, որ Սլովենիան կարևորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության ընդլայնումը և վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի հայ-սլովենական համագործակցության խորացման համար։

Զրուցակիցները քննարկեցին քաղաքական, միջխորհրդարանական, առևտրատնտեսական համագործակցության, գիտական, կրթական և մշակութային ոլորտներում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցությանը, տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների  համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Տպել էջը