Հայաստան-Եվրոպական միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսություն Բրյուսելում
11 դեկտեմբերի, 2014Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրոպական միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության 6-րդ հանդիպումը:
ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Ոստիկանության, ԱԳՆ և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության պաշտոնյաներ:
ԵՄ կողմի պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների և ժողովրդավարության վարչության տնօրեն Սիլվիո Գոնզատոն:
Երկխոսությունն անցավ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, ինչպես նաև՝ միջազգային կառույցներում, մասնավորապես ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում համագործակցության հարցեր:
Անդրադարձ կատարվեց Հայաստանում և ԵՄ-ում մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցած զարգացումներին: Քննարկումները կենտրոնացած էին մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների և ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու և տեղեկատվության ազատության, հավաքներ անցկացնելու ազատության, քաղաքացիական հասարակության գործունեության, խտրականության դեմ պայքարի, կրոնի և դավանանքի ազատության շուրջ:
Տեղեկանք: Հայաստանի և ԵՄ միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը հիմնվել է 2009թ-ի դեկտեմբերին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երևանում և Բրյուսելում: