Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանում

09 հունվարի, 2015

Հունվարի 9-ին Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանում կայացավ գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Վենետիկի հասարակական և քաղաքական շրջանակների, հյուպատոսական կորպուսի, հայ և հրեական համայնքների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը, որը կրում է «Արմին Թ.Վեգներ. իրավունք հայերի և հրեաների համար» խորագիրը, Իտալիայում ՀՀ դեսպանության և Իտալիայի մշակույթի նախարարության հովանավորությամբ կազմակերպել էին Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանը և Միլանում ՀՀ պատվո հյուպատոսությունը՝ համագործակցությամբ գերմանական «Marbach» գրական արխիվային կենտրոնի, Հայկական մշակույթի ուսումնասիրության կենտրոնի և Վենետիկի հրեական համայնքի ու Իտալիայի հայերի միության հետ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանի տնօրեն Մաուրիցիո Մեսսինան, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը:

Դեսպան Ղազարյանն իր խոսքում կարևորեց Ցեղասպանության մասին հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և ցեղասպանության կանխարգելումը՝ անհրաժեշտ համարելով այդ նպատակով կրթական ծրագրերի իրականացումը: Դեսպանն ընդգծեց, որ ժխտողականությունը ցեղասպանության շարունակություն է և նշեց, որ ժխտողականությունն ու այլատյացությունը ցեղասպանության բաղադրիչներ են՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում իրականացվող հայատյաց քաղաքականության վրա:

Միջոցառման բանախոսներն էին «GARIWO» հասարակական կազմակերպության նախագահ Գաբրիելե Նիսսիմը, Վենետիկի հրեական համայնքի ղեկավար Պաոլո Նավարա Դինան, Իտալիայում հայ համայնքի ղեկավար պրոֆ. Պայքար Սիվազլիյանը և ցուցահանդեսի համակարգող Աննա Մարիա Սամուելին:

Բանախոսներն իրենց ելույթներում կարևորեցին ցեղասպանության և ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Վենետիկի հրեական համայնքի ղեկավար Պաոլո Նավարա Դինան մասնավորապես նշեց, որ հայերն ու հրեաները այլատյացության ու ժխտողականության դեմ պայքարի նույն ճակատում են:

Իտալիայում հայ համայնքի ղեկավար պրոֆ. Պայքար Սիվազլիյանն իր խոսքում բարձր գնահատեց իտալահայ համայնքի և «Մարչիանա» գրադարանի միջև երկար տարիների ավանդույթ ունեցող արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց գրադարանին՝ հայկական մշակույթին ու պատմությանը նվիրված միջոցառումներ կազմակերպելու պատրաստակամության համար: Նա նաև շնորհակալական խոսք ուղղեց հրեական համայնքի ներկայացուցիչներին՝ հայկական հարցերի հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար: Պրոֆ. Պայքար Սիվազլիյանը ընդգծեց նման ցուցահանդեսների կազմակերպման կարևորությունը ցեղասպանության մասին հիշողության պահպանման հարցում:

Վենետիկում ցուցահանդեսի բացումով, որը լայնորեն լուսաբանվեց տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից, տրվեց Իտալիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: 

Տպել էջը