Հայաստանի և Ռումինիայի արտգործնախարարների հանդիպումը

07 փետրվարի, 2015

Մյունխենում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր ռումինացի գործընկերոջ՝ Բոգդան Լուչիան Աուրեսկուի հետ։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարեւորվեց միջխորհրդարանական կապերի, առեւտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված և մշակութային փոխգործակցության ընդլայնումը։

Նախարարները անդրադարձան հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի հերթական նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա երկրորդ կեսին Բուխարեստում։

Նախարար Աուրեսկուն բարձր գնահատեց հայ համայնքի դերակատարությունը Ռումինիայի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գործընթացում։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին։

Նախարար Աուրեսկուն Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Բուխարեստ։

Ներբեռնել տեսանյութը

Տպել էջը