Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բելառուսում

27 փետրվարի, 2015

Փետրվարի 24-ից 27-ը Բելառուսում ՀՀ դեսպանությունը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն «Այլևս երբեք» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին ֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փետրվարի 24-ին բելառուսական «Ռադիո ՕՆՏ» ռադիոկայանը հարցազրույց անցկացրեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանի և ամերիկահայ ռեժիսոր Քարլա Կարապետյանի հետ, ովքեր պատմեցին «Այլևս երբեք» ծրագրի և ֆիլմերի ցուցադրման մասին ու անդրադարձան Հայոց ցեղասպանության պատմությանը:

Նույն օրը Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում ցուցադրվեց Քարլա Կարապետյանի «Ճչացողներ» ֆիլմը: Ցուցադրությունից առաջ ներկաներին ուղղված խոսքով հանդես եկան Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Լևոն Սարգսյանը, Հարություն Խաչատրյանը և Քարլա Կարապետյանը, ովքեր ներկայացրին Հայոց ցեղասպանության պատմությունն ու 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները և խոսեցին ֆիլմի նկարահանումների մասին:

Փետրվարի 25-ին Մինսկի «Միր» կինոթատրոնում տեղի ունեցավ «Այլևս երբեք» ծրագրի բացման արարողությունը, որին ներկա էին Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ելույթով հանդես եկավ դեսպան Խաչատրյանը՝ ներկայացնելով «Այլևս երբեք» ծրագիրը: Լևոն Սարգսյանը խոսեց Հայոց ցեղասպանության պատմությունից և Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության քաղաքականությունից: Ելույթ ունեցավ նաև ռեժիսոր Քարլա Կարապետյանը՝ ներկայացնելով իր ֆիլմի գաղափարն ու դրա ստեղծման պատմությունը:

Փետրվարի 26-ին և 27-ին «Միր» կինոթատրոնում ներկայացվեցին նաև «Արարատ», «Մայրիկ», «Տատիկիս դաջվածքները» և Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր: 

Տպել էջը