Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը Լիոնում

10 մարտի, 2015

Մարտի 10-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետարանի հովանու ներքո և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ կազմակերպված լուսանկարիչ Խաժակ Օհանյանի «Հալեպ 1915…» ցուցահանդեսով Լիոնում «Հիշատակ և արդարություն» խորագրով մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Լիոնի քաղաքային գրադարանը, «Բուլուկյան» հիմնադրամը և Դեսինի Հայ հուշագրության ազգային կենտրոնը:

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Լիոնի առաջին փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի` պատմական ժառանգության, հիշողության և նախկին ռազմիկների հարցերով փոխքաղաքապետ Ժան-Դոմինիկ Դյուրանը, «Բուլուկյան» հիմնադրամի նախագահ Ժան-Պիեր Կլավերանը, Հայ հուշագրության ազգային կենտրոնի նախագահ Ժուլ Մարտիրոսյանը:

Ցեղասպանությունը վերապրած իր հոր պատմությամբ ոգեշնչված լիոնահայ լուսանկարչի աշխատանքները պատկերում են Հալեպը՝ միաժամանակ ներկայացնելով տարբեր փիլիսոփաների և պատմաբանների մտքեր:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 16-ը «Բուլուկյան» հիմնադրամի սրահում: 

Տպել էջը