Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Սլովենիայի խորհրդարանի նախագահին

10 մարտի, 2015

Մարտի 10­-ին Լյուբլյանայում գտնվող Էդվարդ Նալբանդյանն այցելեց Սլովենիայի Ազգային ժողով, ուր հանդիպեց խորհրդարանի նախագահ Միլան Բրգլեժին։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս առումով կարեւորվեց երկու երկրների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի ստեղծումը։

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սլովենիայի պատվիրակությունների միջեւ փոխգործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը և ընդգծեց դրանց աջակցելու կարևորությունը։

Հայաստանի արտգործնախարարի՝ Լյուբլյանա այցելության օրակարգում էր Սլովենիայի կառավարության պետքարտուղար Յանեշ Լենարչիչի հետ հանդիպումը։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Սլովենիա՝ Յանեշ Լենարչիչը նշեց, որ կառավարությունը պատրաստ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանն առանձին հարցազրույցներ տվեց սլովենական հեղինակավոր «Delo» և «Dnevnik» թերթերին։ 

Տպել էջը