Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Նիկարագուայի արտաքին գործերի նախարարի տեղակալին

13 մարտի, 2015

Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նիկարագուայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Նախագահի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Լուիս Ալբերտո Մոլինային:

Ողջունելով հյուրին` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Նիկարագուայի հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնեց, որ այցը կնպաստի երկկողմ համագործակցության ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Նիկարագուայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ իր այցի նպատակն է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը։

Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության հաստատման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խթանման, միջխորհրդարանական կապերի և իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։ Պայմանավորվածութուն ձեռք բերվեց Երևանում և Մանագուայում համատեղության կարգով դեսպաներ հավատարմագրելու մասին։

Զրուցակիցներն անդրադարձան նաև հրատապ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:

Տպել էջը