Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ մամուլի ասուլիս Վարշավայում

13 մարտի, 2015

Մարտի 13-ին Վարշավայի կաթոլիկ տեղեկատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ասուլիսի բանախոսներն էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սենատի պատգամավոր, Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխտը: Ասուլիսը վարում էր կաթոլիկ տեղեկատվական գործակալության պատասխանատու Քրիշտոֆ Թոմաշիկը:

Իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության խորհրդին և Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին: Դեսպանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Լեհաստանին` 2005թ. Սեյմի հատուկ բանաձևով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու կապակցությամբ:

Սենատոր Լուկաշ Աբգարովիչը նույնպես իր ելույթում անդրադարձավ 2005թ. Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ընդունման բանաձևին՝ կարևորելով դրա նշանակությունը պատմական արդարության վերականգնման և այդ հարցում Լեհաստանի մասնակցության առումով:

ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը և Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխտն անդրադարձան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին:

Ասուլիսից հետո դեսպան Ղազարյանը հարցազրույցներ տվեց Լեհաստանի Հանրային ռադիոյին և լեհական հեղինակավոր «Ռեչպոսպոլիտա» թերթին: 

Տպել էջը