Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը Մեքսիկայում

15 մարտի, 2015

Մարտի 14-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կայացած` Մեքսիկայի և ԱՄՆ Արևմտյան ափի հայ համայնքների համատեղ հանդիսությամբ պաշտոնապես մեկնարկեցին Մեքսիկայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Միջոցառմանը ներկա էին մեքսիկացի մտավորականներ՝ արվեստի, գիտության գործիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Միջոցառման ընթացքում Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց Մեքսիկայում 2015թ. մարտից նեյեմբեր ամիսներին նախատեսված միջոցառումների ծրագիրը:

Մարտի 15-ին Մեխիկոյի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցվեց Սուրբ պատարագ, որը նախագահում էր Մեքսիկայի հոգևոր առաջնորդ, կարդինալ Նորբերտո Ռիվերան: Պատարագին մասնակցում էին նաև Հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը և Լատինական Ամերիկայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը:

Պատարագի ավարտին Մեքսիկայի հայ համայնքի անունից Մեխիկո քաղաքին նվիրվեց հայկական խաչքար, որն այսուհետև կպահպանվի Քաղաքակրթությունների Մեքսիկայի ազգային թանգարանում: Խաչքարի զետեղման արարողության ընթացքում ելույթներ ունեցան դեսպան Հովհաննիսյանը, Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը, Մեքսիկայի Ազգային թանգարանի տնօրեն Կառլոս Վակեսը, ինչպես նաև Կալիֆորնիայից հատուկ ժամանած, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը:

Պատարագը լայնորեն լուսաբանվեց մեքսիկական ԶԼՄ-ներում: 

Տպել էջը