Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Մյունխենում

17 մարտի, 2015

Մարտի 17-ին Մյունխենի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ հայտնի «Գասշտայգ» համերգային սրահում բացվեց Էրոլ Գուրյանի «Terra Armenia» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էին Մյունխենի քաղաքապետարանի, հայ համայնքի, գիտության և արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Ներկաներին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին «Գասշտայգ» համերգասրահի տնօրեն Պ.Գերշները և Մյունխենի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն, դոկտոր Սյուզաննե Մայերը: Ելույթով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը:

Էրոլ Գուրյանն իր լուսանկարների հավաքածուն ստեղծելու նպատակով շրջել է Հայաստանում և Արցախում, աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուր դիմանկարին կից` ներկայացված էր տվյալ անձի ընտանեկան պատմությունը:

Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 25-ը: 

Տպել էջը